Այս օրերին ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած, բարձր միավոր ստացած, բայց որևէ բուհ չընդունված դիմորդները բողոքի ցույցեր են անում: Նրանք պահանջում են բացատրել՝ ինչպե՞ս է ստացվել, որ, օրինակ, 18,5 միավոր ստացածը որևէ հաստատություն չի ընդունվել: ՈՒ մինչ անորոշության մեջ հայտնված դիմորդները հարցերի պատասխաններ են փնտրում կառավարության ու Ազգային ժողովի դռների մոտ, պատասխանատու գերատեսչության պաշտոնյաները լռում են: ԿԳՄՍ փոխնարար Գրիշա Թամրազյանը մի քանի օրվա լռությունից, ընդդիմադիր պատգամավորների արդարացի հարցապնդումից հետո, թե ու՞ր է բարձրագույն կրթության և բուհերի մասով պատասխանատու փոխնախարարը, ամոթից դրդված՝ հանդիպել է դիմորդների ու նրանց ծնողների հետ: Նրա պատասխանը բուհ չընդունվածներին այն է եղել, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարության նիստում մանրամասն ներկայացրել է ընդունելության նոր կարգը:
Սահմանապահ Մովսես գյուղ հարսանիքի շտապող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որ պատեհ ու անպատեհ առիթներով «լայվեր» անելու սիրահար է (իրգաղափարական առաջնորդ Փաշինյանի նման), մինչև այս պահը խնդրին որևէ ձևով չի անդրադարձել: «Անհարգալից վերաբերմունք դրսևորվեց խորհրդարանի և հատկապես պատգամավորների հանդեպ, քանի որ խնդրի քննարկմանը, որ խորհրդարանում է անցկացվել, ներկա չէին ո՛չ նախարարը, ո՛չ էլ պատասխանատու նախարարը: Այնինչ լիազոր մարմնի և խորհրդարանի ներկայացուցիչների միջև կայացած քննարկման արդյունքում դիմորդների համար առավելագույն դրական որոշում պետք է կայացվեր»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկը։
Արայիկ Հարությունյանի նման այս օրերին ընդհատակ է անցել նաև Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, սպորտի և սփյուռքի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Հանձնաժողովի անդամներից միայն ԼՀԿ-ական Աննա Կոստանյանն է, որ ակտիվորեն հանդիպումներ է ունենում դիմորդների հետ, լսում նրանց ու փորձում որևէ լուծում գտնել: Մյուսները խնդիրը միայն Facebook-ում են քննարկում: Պատճառը, իհարկե, հասկանալի է՝ նախարարությունն ու Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը չեն երկխոսում, ավելին՝ նախարար Հարությունյանի և հանձնաժողովի նախագահ Հայրապետյանի միջև ընդգծված հակասություն կա: Հայրապետյանն ու հանձնաժողովի իմքայալական պատգամավորները չեն ցանկանում արդարացնել կամ, այսպես ասած, նախարարի «թասիբը» պահել: «Ինչպես եփել է, այնպես էլ թող մարսի» սկզբունքով են առաջնորդվում, ինչից սակայն տուժում են դիմորդները, ուսանողներն ու մնացած բոլոր շահառուները: Իսկ կրթական ռեֆորմները, ինչի մասին իշխանափոխության օրերին խոսում էին մոլի հեղափոխականները, «դուխով» հայտարարություններից այն կողմ չեն անցնում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ